Երեքշաբթի, 21.05.2024, 00:01
Գլխավոր էջ Գրանցում RSS
Ողջույն, Հյուր
Գովազդ
партнерки контекстной рекламы
Կայքի մենյու
    Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0
    Մուտքի ձև
    Որոնել
    Գլխավոր էջ » Ֆայլեր » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Պարույր Սևակ

    Դու մի’ հարցրու."Սիրո՞ւմ ես ինձ”:
    09.12.2012, 23:31

    Դու մի’ հարցրու."Սիրո՞ւմ ես ինձ”:

    Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում, 
    Դու էլ հիշի’ր, 
    Որ երբ իզուր հարց չեն տալիս` 
    Սուտ պատասխան չե~ն ստանում: 
    Եվ դու բնավ իմ այս խոսքից մի’ վշտանա, 
    Այլ մտածիր, 
    Թե ջրհորի մութ խորության չափման համար 
    Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում: 
    Դու մի’ հարցրու, իսկ ես ասեմ 
    Քո ուզածից շա~տ ավելին:

    Եվ ասում եմ ե՛ս` միօրյա՛ հավատացյալ, 
    Իսկ դու լսի՛ր, իմ նորօրյա’ աստվածուհի: 
    Պաշտամունքի մի ծե~ս պիտի արվի այսօր, 
    Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք:

    Դու` անծանոթ մի նոր աշխարհ, 
    Ես` մի հմուտ աշխարհագետ, 
    Որ վա՛տ գիտեմ, շա~տ վատ գիտեմ 
    Բազմախոստում տեղանքը քո: 
    Ու խոսում է մեջս կրկին 
    Մոլի ոգին հետազոտման. 
    Ուզում եմ քեզ անգիր անել, 
    Մտքով գծել քարտեզը քո,_ 
    Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք: 
    Եվ առավել լավ չէ՞ արդյոք, 
    Որ մարդու ո՜տքը սայթաքի, 
    Քան թե լեզո՛ւն: 
    Ուրեմն արի ոչ թե խոսենք, 
    Այլ մտովին քայլենք առաջ 
    Այս անծանոթ ճանապարհով, 
    Մինչեւ հասնենք հանգրվանի` 
    Հեքիաթական ինչ-որ մի տեղ, 
    Ուր չկա՜ տեր ու տիրական` մեզնից բացի, 
    Ու մենք պիտի լինենք թլվատ` ջրի՛ նման, 
    Եվ լինենք կույր` կրակի՛ պես, 
    Ուր` հակառակ մեր իմացած հին օրենքի` 
    Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում, 
    Այլ կծկըվո՜ւմ, 
    Եվ լուծվում են բոլոր հարցերն` աղի՛ նման, 
    Դառնալով համ մեր բերանում, 
    Մեր լարաթափ ջղերի մեջ, 
    Շփոթահար մեր դեմքերին...

    Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ. 
    "Սիրո՞ւմ ես ինձ”: 
    Ե՛ս քեզ հարցնեմ` 
    Պտասխանիդ չսպասելով, 
    Այլ օգնելով, որ ստանաս 
    Նախկին տեսքըդ աստվածուհու, 
    Նախկին տեսքըդ ա՛յն աշխարհի, 
    Որ դեռ չուներ գծված քարտեզ: 
    Եվ իմ հարցին ի պատասխան 
    Այնժամ գուցե ինքդ ինձ ասես. 
    "Ասում են, թե դուք օգնում եք լոկ հանվելիս: 
    Իսկ դու օգնում ես հագնըվել: 
    Դու ուրի՛շ ես: 
    Սիրո՜ւմ եմ քեզ”...

    Կատեգորիա: Պարույր Սևակ | Ավելացրեց: Admin
    Դիտումներ: 463 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: