ՈՒրբաթ, 10.05.2024, 05:45
Գլխավոր էջ Գրանցում RSS
Ողջույն, Հյուր
Գովազդ
партнерки контекстной рекламы
Կայքի մենյու
    Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0
    Մուտքի ձև
    Որոնել
    Գլխավոր էջ » Ֆայլեր » Կենսագրություն

    Լևոն Շանթ
    13.06.2016, 18:49

    Լևոն Շանթ

    (1869 - 1951)

    Լևոն Շանթը (իսկական ազգանունը՝ Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան) վաղ տարիքում զրկվել է ծնողներից: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Սկյուտարի (թաղամաս՝ Կոստանդնուպոլսում), 1884–91 թթ-ին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարաններում, 1892–99 թթ-ին սովորել է Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ: 1899 թ-ից ավելի քան 10 տարի դասավանդել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում: Թիֆլիսում անդամակցել է «Վերնատուն» գրական խմբակին: 

    1911 թ-ից Շանթը դասավանդել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական և Էսայան վարժարաններում. 1915–19 թթ-ին ապրել է Եվրոպայում: Գրողը Հայ հեղափոխական դաշնակցության անդամ էր. եղել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր: 1920 թ-ի ամռանը գլխավորել է Խորհրդային Ռուսաստանի հետ բանակցելու համար Մոսկվա մեկնած պաշտոնական պատվիրակությունը: 1921 թ-ից ապրել է արտասահմանում. եղել է ուսուցիչ: 

    1890-ական թվականներին Շանթը հրատարակել է մի շարք բանաստեղծություններ և «Լերան աղջիկը» պոեմը, որտեղ արտահայտել է երազային սիրո գեղեցկության ու պատրանքի, կյանքի և իդեալի, իսկ «Մնաք բարովի իրիկունը» (1891 թ.), «Երազ օրեր» (1894 թ.), «Դուրսեցիները» (1895 թ.), «Վերժին» (1897 թ.), «Դերասանուհին» (1899 թ.), «Կինը» (1912 թ.) վիպակներում՝ սիրո և աշխատանքի, հասարակական պարտքի և անձնական ձգտումների հակադրության մոտիվներ: 

    Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ առավելապես պայմանավորված է նրա դրամատուրգիայով: «Եսի մարդը» (1904 թ.), «Ուրիշի համար» (1905–06 թթ.), «Ճամբուն վրա» (1909 թ.) դրամաներում շոշափել է անհատի ու հասարակության փոխհարաբերության, բարոյականության խաթարման, եսի և անձնազոհության խնդիրներ:

    Հայ գրականության մեջ ոչ մի ստեղծագործության այնքան չեն անդրադարձել ու մեկնաբանել, որքան Շանթի «Հին աստվածներ»-ին (1909 թ.), որը և՜ փիլիսոփայական դրամա է, և՜ պատմական ողբերգություն: Երկի պատմական հենքում IX դարի դեպքերն են, որտեղ արտացոլվել են աշխարհիկ ու հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների և գործողությունների ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների խնդիրներ, որոնք մեծ արձագանք են գտել հայ հասարակության մեջ: Շանթն ընդգծել է հերոսների՝ Աբեղայի և Վանահոր կերպարների հակադրությունը. մեկը հայացքն ուղղում է դեպի անցյալը՝ սկզբնականը, մյուսը՝ անհայտը՝ ապագան: «Հին աստվածներ» դրաման նոր որակ էր հայ գրականության մեջ՝ որպես զգացմունքի, հարափոփոխ տրամադրությունների և ապրումների, մարդու ազատության տենչանքի արտահայտություն:

    «Կայսրը» (1916 թ.), «Շղթայվածը» (1921 թ.), «Ինկած բերդի իշխանուհին» (1923 թ.), «Օշին Պայլ» (1932 թ.) դրամաները նույնպես պատմական ողբերգություններ են, որտեղ արծարծվել են ազգային ու սոցիալ-հոգեբանական խնդիրներ, նաև անհատապաշտության, հերոսի և ամբոխի հակադրության գաղափարներ: 

    Շանթի դրամաները, հատկապես «Հին աստվածները» և «Կայսրը», հայ գրականության մեջ սիմվոլիզմի ամենացայտուն դրսևորումներից են: Նրա արվեստը հենվել է կեցության փիլիսոփայության վրա, որտեղ գեղարվեստական իրականությունը սոսկ խորհրդանիշ է աննյութականն ընկալելու համար: 

    «Հին աստվածները», «Կայսրը» և «Շղթայվածը» բազմիցս բեմադրվել են հայ թատրոնում:

    Շանթը զբաղվել է նաև հոգեբանությամբ: 1945 թ-ին լույս է ընծայել «Հոգիները ծարավի» հոգեբանական վեպը, որտեղ շոշափել է ընտանիքի, կնոջ, տղամարդու և բարոյականության հարցեր: Գրել է նաև հայոց լեզվի դասագիրք («Լուսաբեր»՝ Հովհաննես Թումանյանի և Ստեփան Լիսիցյանի հետ), գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, պատմագիտական աշխատություններ («Գրքեր և մարդիկ», 1905 թ., «Սեռն ու նյութը բանահյուսության», 1926 թ.), կատարել թարգմանություններ (Միխայիլ Լերմոնտովի «Մծիրի» պոեմը, Էթել Վոյնիչի «Բոռը» և այլն): 

    Երևանում Շանթի անունով կոչվել է դպրոց, նրա պատկերով տպագրվել է փոստային նամականիշ:

     

    Կատեգորիա: Կենսագրություն | Ավելացրեց: Admin
    Դիտումներ: 1429 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: